Daily Archives: April 6, 2022

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,

Ե՛վ շինում էր, և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

 

Մեկ անգամ էր նա բույն շինել

Եվ շատ անգամ կարկատել,

Բայց այս անգամ վերադարձին

Բույնն ավերակ էր գտել:

Այժմ նորից բույն էր շինում,

Ե՛վ շինում էր, և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

 

Նա հիշում էր անցած տարին

Իր սնուցած ձագերին,

Որոնց ճամփին հափշտակեց

Արյունարբու թշնամին:

 

Բայց նա կրկին բույն էր շինում,

Ե՛վ շինում էր և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։

2.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմանիշները։

3.Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություններ գտնել համացանցից։

4.Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։